38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պատմություն կերտած զարմանահրաշ շուշեցին

Պատմություն կերտած զարմանահրաշ շուշեցին
23.02.2023 | 07:30

Միքայել Անդրեյի Ալավերդովը (Алавердов Михаил Андреевич) ծնվել է 1900 թվին, Շուշիում (Արցախ), առևտրականի ընտանիքում։ Սովորել է տեղի արական, ապա Անդիջանի (Ուզբեկստան) գիմնազիաներում։ 1918 թվականին կամավորագրվել է Կարմիր բանակին, Թուրքեստանյան երրորդ հրաձգային գնդի կազմում մասնակցել բասմաչների դեմ մարտերին։ Այնուհետ եղել է մանկավարժական դասընթացների ունկնդիր, զբաղվել մանկավարժությամբ։
1919 թվականից Համառուսական արտակարգ հանձնաժողովի (ВЧК) մարմիններում էր։ Տարբեր ստորաբաժանումների մի շարք ղեկավար պաշտոններում ծառայություն անցնելուց հետո 1923 թվականին փոխադրվել է Մոսկվա, աշխատանքի անցել Պետական միացյալ քաղաքական վարչության (ОГПУ) արևելյան բաժնում։ Մոսկվայի Մ․ Ֆրունզեի անվան զիվորական ակադեմիայի արևելյան ֆակուլտետն ավարտելուն պես, որպես հյուպատոսության քարտուղար, գործուղվել է Իրան (Քերմանշահ)։


1928-1930 թվականներին Իրանում եղել է խորհրդային հետախուզության գործակալը, լայն գործունեություն ծավալել տեղում հաստատված և ընդդեմ Խորհրդային Միության գործող էմիգրանտական կառույցների, թուրքական, գերմանական, ճապոնական ու այլ հետախուզությունների, արժեքավոր գործակալական ցանց ներդրել իրանական ղեկավար շրջանակներում։
1930-ին վերադառնալով Խորհրդային Միություն՝ ծառայության է անցել զինվորական հակահետախուզության կենտրոնական ապարատում, 1933-1934 թվերին գլխավորել է Ավստրիայի (Վիեննա), Շվեյցարիայի (Ցյուրիխ), Ֆրանսիայի (Փարիզ) անլեգալ հետախուզությունները։


1934 թվականից Մ․ Ալավերդովը վերադառնում է ԽՍՀՄ հետախուզության, այսպես ասած, արևելյան թև․ մինչև 1936թ․ Աֆղանստանում, 1936-1938 թվերին Թուրքիայում գործում էր որպես ԽՍՀՄ լեգալ ռեզիդենտ՝ բարձր արդյունավետությամբ պայքարելով ընդդեմ հակախորհրդային էմիգրացիայի ու օտարերկրյա հետախուզությունների։
Ականավոր հետախույզը 1938-ից կրկին խորհրդային հետախուզության կենտրոնական ապարատում էր։ 1941թ․ փետրվար-մարտին գործուղվել է Բելգրադ, որտեղ մասնակցել է Հարավսլավիայի պրոգերմանական տրամադրված կառավարության դեմ նախապատրաստվող ու իրականացված հեղաշրջմանը։


1941թ․ ապրիլից ԽՍՀՄ ՆԳԺԿ 1-ին վարչության 1-ին բաժնի պետն էր, իսկ Մեծ հայրենականի սկսվելուն պես Աֆղանստանում կրկին ԽՍՀՄ լեգալ ռեզիդենտն էր, գործում էր Զաման ծածկանվամբ։ Այդ նրա ղեկավարությամբ է Աֆղանստանում բացահայտվել գերմանական գործակալական ցանցը, բրիտանական հետախուզության հետ գործակցությամբ պարալիզացվել տարածաշրջանում գերմանական, ճապոնական, իտալական հատուկ ծառայությունների գործունեությունը։


Ալավերդովի աֆղանստանյան առանձնակի կարևորության օպերացիաներն իրենց կատարմամբ այն աստիճանի բացառիկ են եղել, որ երկար ժամանակ ներառվել են ԽՍՀՄ արտաքին հետախուզության ակադեմիայի ուսումնական ձեռնարկներում։ Նրա ձեռագրի յուրահատկություններից էր ամբողջ ուժերի կենտրոնացումը մեկ, սակայն համապարփակ ինֆորմացիայի տիրապետող հանգուցային ֆիգուրի վրա։


1943 թվականի վերջին վերադառնալով երկիր՝ նշանակվում է ԽՍՀՄ ՆԳԺԿ 1-ին վարչության նորից ստեղծված տեղեկատվական բաժնի պետ: 1945 թվականին հատուկ հանձնարարությամբ եղել է Շվեյցարիայում։
1947-1955 թվականներին եղել է ԽՍՀՄ հետախուզական, ապա բարձրագույն հետախուզական դպրոցի պետի ուսումնական ու գիտական գծով տեղակալը։ Ի դեպ 1980-ական թվականներին այդ պաշտոնին է եղել ևս մեկ հայ՝ Պյոտր Պավելի Դիլանյանը՝ նույնպես անվտանգության գեներալ-մայոր։


1955 թվից Մ․ Ալավերդովն անցել է տարիքային թոշակի։ Մահկանացուն կնքել է Մոսկվայում, 1968 թվին։ Հուղարկավորված է Նովոդևիչյան գերեզմանոցում։
Անվանի հայորդու ծառայությունները բարձր են գնահատվել։ 1945 թվականին ստացած գեներալական կոչմանը զուգահեռ արժանացել է Լենինի, Կարմիր դրոշի (երկու անգամ), «Պատվո նշան», Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանների, մեդալների, այլ պարգևների։ Մ․ Ալավերդովը հպարտությամբ էր կրում «Պետանվտանգության պատվավոր աշխատակից» կրծքաշանը։


ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 9089

Մեկնաբանություններ